Եվրոպա լիգայի «Սևիլիա»-«Ռոմա» եզրափակիչից առաջ
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք եզրափակիչում «Ռոմա»-ն փորձելու է առաջին անգամ տիրանալ գավաթին, իսկ «Սևիլիա»-ն ձգտելու է նվաճել տիտղոսը 7-րդ անգամ:
Իսպանական «Սևիլիա»-ն հաղթել է բոլոր եզրափակիչներին, որոնց մասնակցել է այս մրցաշարում (ՈՒԵՖԱ-ի գավաթ, 2006,2007, Եվրոպա լիգա-2014, 2015, 2016, 2020):
«Ռոմա»-ն մրցաշարի եզրափակիչ հասել է հեռավոր 1991 թվականին, սակայն այդ խաղում «մայրաքաղաքայինները» զիջել են Միլանի «Ինտեր»-ին: «Գայլերին» կհաջողվի բացառիկ արդյունք գրանցել, եթե Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթի Եվրոպա լիգայում․ այդ դեպքում թիմը 12 ամիս անց կտիրանա եվրագավաթներից հերթականին (նախորդ տարի «Ռոմա»-ն դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող):
Երկու ակումբները միմյանց հետ եվրագավաթային մրցաշարերի շրջանակներում մրցել են միայն մեկ անգամ 2019/20 մրցաշրջանում: Այդ խաղում հաղթել է «Սևիլիա»-ն:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 14-րդ եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: