Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ-ԳՀ) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր գրոհել են Լիբանան-Սիրիա սահմանի մերձակայքում գտնվող իր ռազմակայանի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera պարբերականից, հարվածը հասցվել է լուսադեմին, Լիբանանի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Քուսայա քաղաքում:
Զոհվել է կազմակերպության 5 անդամ, 10 մարդ վիրավորվել է։ ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Իսկ իսրայելցի աղբյուրները, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են, որ Իսրայելը հարձակման հետ որևէ առնչություն չունի: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Լիբանանի բանակը և ո՛չ էլ «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնական հայտարարություն չեն արել:
ՊԱԺՃ-ԳՀ-ն տեղակայված է Սիրիայում և Լիբանանում:
ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ իսրայելցիները ՊԱԺՃ-ԳՀ-ի ռազմակայանին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով 2019 թվականի օգոստոսին։ ՊԱԺՃ-ԳՀ-ն պատկանում է սիրիամետ պաղեստինյան կազմավորումներին, որոնք շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դաշնակիցներն են: Շիա մարտիկները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից, նշված ռազմակայանն օգտագործում են զենքի պահեստավորման համար: