Գերմանիայի 12 երկրամասերում իսլամիստների դեմ հատուկ գործողություն է իրականացվում. Bild
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քրեական գործերի դաշնային գերատեսչության աշխատակիցները լայնածավալ հատուկ գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ կողմնակիցների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Bild պարբերականից, ներկայում խուզարկություններ են անցկացվում Գերմանիայի 12 դաշնային երկրամասերում:
Ըստ թերթի տեղեկատվության՝ խոսքն ահաբեկչական գործունեության ենթադրյալ ֆինանսավորման և աջակցության մասին է։ Սակայն մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք Գերմանիայում ծրագրվել էին կոնկրետ ահաբեկչություններ։
Խուզարկություններ են կատարվում նաև Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի մի քանի շրջաններում։ Ռեյդեր են տեղի ունեցել նաև Բեռլինում։
Գործողությանը ներգրավված են հատուկ ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ, իրավապահների թիրախում է 100-ից ավելի մարդ: Ինչպես hայտնել է Գերմանիայի դատախազությունը, արդեն ձերբակալված է յոթ կասկածյալ: