Ճապոնիայում թույլ են տվել ատոմակայանները շահագործել 60 տարուց ավելի
Ճապոնիան այսօր օրենք է ընդունել, որը թույլ է տալիս միջուկային ռեակտորները շահագործել 60 տարուց ավելի: Սա պայմանավորված է նրանով, որ երկիրը փորձում է աշխուժացնել տվյալ ոլորտը, որպեսզի այն համապատասխանի էներգետիկ մարտահրավերներին և կլիմայի փոփոխության հետ կապված նպատակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
Ինչպես AFP-ին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակը, օրինագիծը նախատեսում է ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա ունենալ ածխածնի արտանետումներից զերծ հասարակության:
Նոր կանոնների համաձայն՝ ատոմակայանների շահագործման առավելագույն շեմը տեխնիկապես մնում է 60 տարի, սակայն բացառություններ կարվեն այն ռեակտորների համար, որոնք ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը «անկանխատեսելի» պատճառներով: Դրանք կարող են ներառել անվտանգության ուղեցույցների փոփոխություններ կամ դատարանի կողմից ժամանակավոր արգելքներ:
Նոր կանոնները օպերատորներին թույլ են տալիս շահագործման ընդհանուր ժամկետը հաշվարկելիս հանել աշխատանքի դադարի ժամանակահատվածները:
Այնուամենայնիվ, բացառություն անելու համար օպերատորները պետք է ստանան Ճապոնիայի միջուկային անվտանգության վերահսկիչ մարմնի թույլտվությունը: Բացի այդ, օրենքը ներառում է միջոցներ, որոնց համաձայն նախատեսվում է ուժեղացնել հնացած ռեակտորների անվտանգության ստուգումները:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ կառավարությունը ցանկանում է «ապահովել էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում՝ միաժամանակ խթանելով առանց ածխածնի էլեկտրաէներգիայի ռեսուրսների օգտագործումը»։
France 24-ն ընդգծում է, որ Ճապոնիայի կառավարությունը ձգտում է աշխուժացնել միջուկային ոլորտը, որի գործունեությունը դադարեցվել էր 2011 թվականի ցունամիի հետևանքով առաջացած Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո: Ճապոնիայի միջուկային ռեակտորների մեծ մասը ներկայում չի գործում, սակայն համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս թեմայի շուրջ բանավեճը վերսկսվել է. հարցումները ցույց են տալիս, որ միջուկային էներգիայի վերաբերյալ հանրային տեսակետները մեղմանում են: