Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Դատարանը մեր միջնորդությունը բավարարել է, Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել էր դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկու ամսով կալանավորումը: Մեջլումյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
«Այս գործը դատապարտված է կարճման՝ հանցակազմի բացակայությամբ։ Սեյրան Մելջուլյանը որևէ հանցանք չի գործել, կանխատեսմամբ չզբաղվենք, բայց եթե հետևեք, կտեսնեք, որ այս գործը նման ավարտ է ունենալու»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք նաև, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Սեյրան Մեջլումյանը։
Սարգսյանի հրաժարականից օրեր անց Մեջլումյանը ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ արձակվել։