Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն․ փաստաբան
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը տեղեկացնում է․
«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ:
Նշեմ, որ Անի Գևորգյանի կողմից ամբողջությամբ կատարվել են դատարանի կողմից կայացված դատական ակտի պահանջները, մասնավորապես, ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպվել էր դրամահավաք: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված և դատական ակտով նշված ամբողջ գումարը փակ ծրարով հանձնվել էր Ազգային Ժողովի փոստարկղ, որտեղից համապատասխան աշխատակիցը այն վերցրել էր Ալեն Սիմոնյանին փոխանցելու նպատակով: Ընդ որում, այդ ողջ գործընթացը տեսանկարահանվել է:
Փաստորեն, Ալեն Սիմոնյանի կողմից դատարանին ներկայացված դիմումն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, քանի որ դատական ակտի պահանջները կատարվել են, իսկ վերջինիս կողմից դատարանին ներկայացված դիմումը փաստացի իրենից ներկայացնում է դատական ակտի պահանջների կրկնակի կատարման փորձ»: