Մեսսին ցանկանում է առաջիկա օրերին որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ. Ռոմանո
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է մոտ օրերս որոշում կայացնել իր ապագայի հարցում, այս մասին թվիթերում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա չի նշանակում, որ Մեսսին առաջիկա օրերին կհայտարարի իր որոշման մասին, սակայն արգենտինացի հարձակվողը ցանկանում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել հաջորդ ակումբի հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ՊՍԺ-ից։ Հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողն առաջարկներ ունի «Բարսելոնայից», «Ալ-Հիլյալից» և Պրեմիեր լիգայի ակումբներից մեկից։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 39 խաղում արգենտինացին դարձել է 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի կազմում Մեսսին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, փոխանցում է ArmSport.am-ը։