Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինն օգտագործելուց դիտավորյալ խուսափելը չեն նպաստում ԵՄ նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը․
«Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը, ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։
Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։
Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։