«Համարձակ որոշումներ են պետք». Միշելը հայտարարել է՝ անհամբեր սպասում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում, թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ, ԵՄ ղեկավարներից Շառլ Միշելը։
«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»,- նշել է նա:
Միշելը գրել է, որ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»:
«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- նշել ԵԽ ղեկավարը։
Հիշեցնենք, որ որ վաղը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։
Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: