Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում:
«ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», - գրել է Բորելը:
The EU condemns today’s shocking violence in #Zvecan in the strongest possible terms.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) May 29, 2023
The violent acts committed against @NATO_KFOR troops, media, civilians and police are absolutely unacceptable.
1/2
Բորելը նաև կոչ է արել Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին «անհապաղ և անվերապահորեն ապաէսկալացնել իրավիճակը», ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։ Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։