«Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամեն տարի նույն երգն էր երգում, թե չպետք է լինեն արտոնյալներ՝ բոլոր պաշտոնյաները պիտի ներկայանան ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնեն․ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, բացակայում էին, սակայն այժմ իր կաբինետում քիչ չեն արտոնյալները։
Դիցուք, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով Փաշինյանի համերկրացին է, երեկ ԱԺ եկավ գաղտնի մուտքով, որ չընկնի լրագրողների ճանկը, իսկ հանձնաժողովում էլ, կարելի է ասել, դիտորդի դերում էր: Ոլորտի հաշվետվությունը ՆԳՆ աշխատակազմի քարտուղար Ֆիդանյանը ներկայացրեց։ Թեեւ հետո ստիպված էր պատասխանել որոշ հարցերի, սակայն խիստ լակոնիկ։
Գաղտնիք չէ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը հավակնում է Ղազարյանի պաշտոնին, եւ Խաչատրյանի հետ մտերիմ Անդրանիկ Քոչարյանը երեկ սկսեց նեղել Ղազարյանին, թե ինչպես է ստացվում, որ նախկիններից շատերը Մոսկվայում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն խնջույքների են մասնակցում, «լայվ» մտնում, իսկ ՀՀ իրավապահները չեն կարողանում նրանց տուն վերադարձնել։ Նկատի ուներ Գեւորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին։
Քոչարյանը պնդեց, որ նախարարը պատասխանի հարցին, Ղազարյանը կարճ կտրեց՝ ասելով, որ զրուցել է ՌԴ պաշտոնակցի տեղակալի հետ, գործընթաց է տարվում, շուտով արդյունքներ կլինեն։ Քննարկման ընթացքում պարզվեց նաեւ, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել` ստուգում է պարեկների աշխատանքը։
Նա պատմեց, որ ՔՊ-ականներով` մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։ Գեղամ Մանուկյանը կատակեց. «Պարոն Քոչարյան, սենց գնա՝ «պլան» եք բաժանելու՝ ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: