ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը:
Պարզ ասած՝ ԱԺ նախագահի գործառույթներ են ստանձնել։ Իսկ վերջին միջադեպից հետո պարզ դարձավ, որ այս խումբն այլեւս բացահայտ է պայքարում Ալեն Սիմոնյանի դեմ։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողները քննարկում էին խորհրդարանի վերջին միջադեպը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ: Իշխանական պատգամավորը տեղադրել էր հենց այն դրվագը, որտեղ լրագրողներից մեկն ԱԺ նախագահի հասցեին տհաճ բնորոշում է տալիս, իսկ հետո իշխանական ազդեցության տակ գտնվող ֆեյք էջերով շարունակել են թեման՝ փորձելով հնարավորինս լայն տարածել լրագրողի խոսքը:
Ու թեեւ Հովհաննիսյանը կոչ էր արել ԱԺ աշխատակազմին՝ գնահատական տալ կադրում երեւացող լրագրողների պահվածքին` նրանց հավատարմագրելիս, սակայն աշխատակազմում ճշգրիտ հասկացել են նրա իրական մտադրությունը:»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: