Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Համախմբում» շարժման ու վերջինիս գործընկերների երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի մասին է, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Նախագիծը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ: Դրա համար նախապատրաստական լայնածավալ փուլից հետո՝ երկու շաբաթ անց, նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնությանն անընդհատ միանում են նոր կազմակերպություններ ու անհատներ:
Մի շարք կազմակերպություններ ու շարժումներ պատրաստակամություն են հայտնել կնքել համագործակցության հուշագիր, բազմաթիվ անհատներ պատրաստակամություն են հայտնում կամավորագրվել նախապատրաստական աշխատանքներին: Ի դեպ, օրերս էլ ընդլայնված կազմով կայացել է հերթական հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 200 մասնակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: