Սպալետին հաստատել է, որ կհեռանա Նապոլիից
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից։
«Երբեմն մենք բաժանվում ենք չափից շատ սիրո պատճառով: Ես չեմ մնա, ես գնում եմ։ Չեմ փոխի միտքս։ Մի քանի շաբաթ առաջ ակումբին ասացի, որ ինձ մեկ տարվա արձակուրդ է պետք: Ես այլ ակումբում չեմ աշխատի այս ընթացքում, պարզապես կհանգստանամ»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետին որոշել է հեռանալ թիմից Դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։
Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ:
Սպալետին նեապոլյան թիմը գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նախկինում իտալացին մարզել է «Ինտերը», «Ռոմային» (երկու անգամ), «Զենիթը», «Ուդինեզեն», «Սամպդորիան» և «Էմպոլին», փոխանցում է ArmSport.am-ը։