Արցախում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը ենթարկվել է փոփոխությունների
Ս.թ. մայիսի 23-ի՝ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Սկսած 2023 թվականի հունիսի 1-ից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև նրա մոր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ԱՀ կամ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները՝ անկախ տարիքից:
Որոշմամբ սահմանվել է նաև, որ եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար վճարվել է միանվագ նպաստ՝ առանց նրա եղբոր կամ քրոջ զոհվելու կամ անհայտ կորած համարվելու հանգամանքը հաշվի առնվելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում անձին կվճարվի հավելյալ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված նպաստի և արդեն իսկ վճարված նպաստի տարբերության չափով:
Հիշեցնենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է.
- 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 000 ՀՀ դրամի չափով, իսկ եթե երեխայի ծննդյան պահին նրա ծնողներից մեկը կամ միակ ծնողն ունի հաշմանդամություն՝ 500 000 ՀՀ դրամի չափով,
- 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 000 ՀՀ դրամի չափով,
- 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 700 000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ: