Հայ մարմնամարզիկները կմասնակցեն խորվաթական World Challenge Cup-ի հերթական փուլին
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի քանի ներկայացուցիչներ կմասնակցեն World Challenge Cup-ի հերթական փուլին:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում: