Վրաստանում աղքատության մակարդակը 2022 թ.-ին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Վրաստանում աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը 2022 թ.-ի արդյունքներով կրճատվել է` հասնելով 15,6%-ի, ինչը 1,9 տոկոսային կետով ցածր է 2021 թ.-ի ցուցանիշից և ռեկորդային ցածր մակարդակում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
«2022 թ.-ին բացարձակ աղքատության գծից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 %», - ասվում է վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ 2022 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է բոլոր տարիքային խմբերում: Դրա հետ մեկտեղ ամենամեծ նվազումը՝ 20,4 %, նշվում է 18-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում։
Ըստ հրապարակված տվյալների՝ Վրաստանում աղքատությունը կրկնակի կրճատվել է վերջին 10 տարում։ 2012 թ.-ին աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքացիների բաժինը կազմել է 30%: Այնուհետև այս ցուցանիշը նվազել է բոլոր հետագա տարիներին, բացառությամբ կորոնավիրուսի տարածման տարում՝ 2020 թվականին. այդ ժամանակ աղքատության ցուցանիշը 19,5%-ից հասել էր 21,3%-ի, սակայն 2021 թ.-ին նվազել էր մինչև 17,5%։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում գործազրկությունն ու աղքատությունը գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա: