Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին. սենատորն արձագանքել է
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Հետախուզման հիմքը՝ Քրեական օրենսգրքի հոդվածով հետախուզում», - նշվում է ՌԴ ՆԳՆ-ի տվյալների բազայում։
«РИА Новости»-ն հաղորդում է, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի համացանցային ռեսուրսներում տարածվել է Լինդսի Գրեհեմի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման տեսագրությունը։
Մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում սենատորն, իբր, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրվող օգնությունը «լավագույն կերպով ծախսված գումարն է», քանի որ այդ ծախսերի արդյունքում ռուսները «մահանում են»։
Սակայն Reuters գործակալությունը, որին Կիևը փոխանցել է ամբողջական տեսանյութը, պարզել է, որ տեսանյութը մոնտաժված է, և սենատորի խոսքերը կտրված են համատեքստից:
Գրեհեմը սկսել է իր խոսքն՝ ասելով, որ ուկրաինական դիմադրությունն իրեն հիշեցնում է ամերիկյան պատմության հերոսական էջերը։
«Կար ժամանակ, երբ մենք նույնպես այդպիսին էինք, կռվում էինք մինչև վերջին մարդը, ուզում էինք կա՛մ ազատ լինել, կա՛մ մեռնել», - ասել է սենատորը:
Դրան ի պատասխան՝ Զելենսկին ասել է. «Իսկ այժմ դուք ազատ եք: Մենք էլ ազատ կլինենք»:
«Իսկ ռուսները մահանում են», - հավելել է Գրեհեմը:
Reuters-ը նշում է, որ Գրեհեմի այն արտահայտությունը, որ սա ԱՄՆ-ի ծախսած լավագույն գումարն է, հնչել է ավելի ուշ, առանձին համատեքստում:
Իր հերթին «РИА Новости»-ն շեշտում է, որ հենց Կիևն է այդ կերպ մոնտաժել տեսանյութը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրի համար «մեծ ամոթ» է անվանել նման սենատոր ունենալը, իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ամերիկացի սենատորին անվանել է «ծեր հիմար»:
Գրեհեմն արձագանքել է այս քննադատությանը՝ նշելով, որ «ռուսական քարոզչությունը ջանասիրաբար աշխատում է»: Reuters-ին ուղարկած հայտարարությունում սենատորը դիմել է Մեդվեդևին՝ ասելով, որ եթե Մոսկվան ցանկանում է, որ ռուսներն այլևս չզոհվեն Ուկրաինայում, ապա պետք է դուրս բերի զորքերը: