Տրիպոլիում բախումներ են սկսվել Լիբիայի կառավարության կողմնակիցների և աշխարհազորայինների միջև
Լիբիայում այսօր զինված բախումներ են սկսվել Տրիպոլիից արևմուտք գտնվող Ազ Զավիա քաղաքի աշխարհազորայինների և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի Լիբիայի Ազգային միասնության կառավարությանն (ԱՄԿ) աջակցող ուժայինների միջև: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բախումներն սկսվել են մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ ԱՄԿ-ի կենտրոնակայանից ոչ հեռու, ինչպես նաև քաղաքի արևմուտքում գտնվող շրջաններից մեկում։ Շտապօգնության ծառայությունը հայտարարել է Տրիպոլիում և դրա շրջակայքում գտնվող իր բոլոր բաժանմունքներում պատրաստության մակարդակի բարձրացման մասին: Տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել։
Անցյալ շաբաթ ԱՄԿ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր արևմտյան ափի շրջանները վառելիքի մաքսանենգությամբ, թմրամիջոցների և մարդկանց առևտրով զբաղվող զինված ավազակախմբերից մաքրելու ռազմական գործողության մեկնարկի մասին: Մի քանի օր շարունակ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Ազ Զավիա քաղաքի ծայրամասերին, որտեղ գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Միջերկրական ծովի ափին գտնվող Էլ Մայա բնակավայրի մերձակայքի նավահանգստային կառույցներին և Լիբիայի մյուս ծովափնյա քաղաքների ծայրամասերին։
ԱՄԿ-ի ռազմական գործողությունը քննադատության է արժանացել Լիբիայի այլ պաշտոնյաների կողմից: Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ ալ Միշրին պահանջել է «հետ կանչել Դբեյբայի անօդաչու թռչող սարքեր օգտագործելու իրավունքը»։ Խորհրդի ղեկավարի համոզմամբ՝ ԱՄԿ-ի ղեկավարն «անօդաչուներ է օգտագործում իր քաղաքական հակառակորդներին վախեցնելու համար»։ Լիբիայի խորհրդարանի ներկայացուցիչը դատապարտել է Ազ Զավիայի ռմբակոծությունը՝ մատնանշելով, որ նման հատուկ գործողությունները «կարող են խաթարել երկրում համընդհանուր ընտրությունների նախապատրաստման գործընթացը»։