Հնդկաստանը հաջողությամբ նավիգացիոն արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Հնդկական GSLV տանող հրթիռը երկուշաբթի օրը հաջողությամբ գեոանցումային ուղեծիր է դուրս բերել NVS-01 նավիգացիոն արբանյակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):
«Ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ GSLV F12 հրթիռով հաշվարկային ուղեծիր է դուրս բերվել NSV-01 նավիգացիոն արբանյակը՝ NavIC ուղեծրային խմբավորումը համալրելու համար», - ասել է ISRO-ի ղեկավար Շրի Սոմանաթը:
Հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Երևանի ժամանակով 09:12-ին) Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հարթակից, որը գտնվում է Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Շրիհարիկոտա կղզում:
Ուղեծիր դուրս բերված 2232 կգ քաշով ապարատը դարձել է հնդկական IRNSS նավիգացիոն համակարգի (NavIC) երկրորդ սերնդի առաջին արբանյակը. դրա ուղեծրային խմբավորման մեջ մտնում է ութ ապարատ:
Արբանյակն իրական ժամանակի ռեժիմով դիրքավորման ծառայություններ կտրամադրի ողջ Հնդկաստանում և նրա շուրջը 1500 կմ շառավղով գտնվող տարածքում: Դրա շահագործումը նախատեսված է առնվազն 12 տարի ժամկետով։
Կազմակերպության տվյալներով՝ ապարատը կօգտագործվի ծովային և օդային նավիգացիայի, տեղանքի ռելիեֆով նավիգացիայի ոլորտներում, ինչպես նաև ծառայություններ կտրամադրի գյուղատնտեսության, ձկնորսության, գեոդեզիայի, ծովային տրանսպորտի մոնիթորինգի, աշխարհագրական տվյալներ օգտագործող շարժական ծառայությունների կարիքների համար` կոորդինատների որոշման և փոխանցման նպատակով, ինչպես նաև բնական աղետների հետևանքների վերացման համար: