Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հանրապետության տոնի առիթով գրել է․
«Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը` 105-ամյակը: Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ: Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը: Կռվեցինք, որովհետև չկռվելը լինելու էր կործանարար: Կռվեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնությունները, հակասությունները ու համախմբվելով պետություն ունենալու գաղափարի շուրջ: Հենց այդ պատճառով եմ ես հաճախ կրկնում, որ այսօրվա իրավիճակը դա Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար:
Մենք Առաջին հանրապետությունը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաև 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած և պայքարի դուրս եկած շարժման մասնակիցների ժառանգներն ենք:
Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում են լսել սթափ գնահակատաններ: Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կլինեն մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը:
Այս օրը նաև պետության ու պետականության գնահատման օր է: Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից: Մենք պետք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարվա կտրվածքով ու գործել ուժեղ պետություն կառուցելու տրամաբանությամբ:
Ուղերձս կամփոփեմ Նժդեհի խոսքերով. «Միթե՞ հնարավոր է խոսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողությունը: Ո’չ, ո’չ, դա ոչ ոք չի հաջողի: Այդ նվիրական թվականը կխորհրդանշի հայրենիքն ու իր անկախությունը, հայրենիքը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ կապրի...»: