Ալիևը սպառնացել է Արցախի իշխանություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության իշխանություններին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։
Նախ նա հայտարարել է, թե միջազգային կառույցները «գրեթե ամբողջությամբ սատարում են» Ադրբեջանի դիրքորոշմանը, համաձայն են այդ դիրքորոշման հետ, որովհետև ըստ Ալիևի, «դա ճիշտ դիրքորոշում» է և քանի որ Ադրբեջանը «ոչ մի պարագայում չի զիջում իր դիրքերը»։
«Այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ո՛չ անկախության, ո՛չ ինքնավարության մասին։ Ուղերձները, որոնք մենք վերջին ժամանակներս ստանում ենք, այսպիսին են․ «Իսկ ի՞նչ կլինի այնտեղի ղեկավարության հետ, նրանց նկատմամբ համաներում կտարածվի՞»։ Ես պատասխանում եմ՝ դրա շուրջ պետք է մտածել»,- հայտարարել է Ալիևը, ապա հնչեցրել, իր իսկ ձևակերպմամբ, այն «պայմանները», որոնց դեպքում Արցախի իշխանությունների նկատմամբ իրենք «զիջումների կգնան»։
«Բոլորը գիտեն, որ այսօր Ղարաբաղում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից։ Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։