Վենետիկի Մեծ ջրանցքի ջուրը վառ կանաչ է ներկվել
Վենետիկի գլխավոր ջրային զարկերակի՝ Մեծ ջրանցքի (Grand Canal) ջրերը գունավորվել են վառ կանաչ գույնով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է տեղական Corriere del Veneto պարբերականը:
Ռիալտոյի կամրջի մոտ ջրի մեջ հայտնված լյումինեսցենտային ներկի ծագումը մնում է անհայտ։
«Պրեֆեկտը շտապ խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության հետ՝ հեղուկի ծագումը հետաքննելու համար», - Twitter-ի իր էջում հայտարարել է Վենետոյի շրջանի նախագահ Լուկա Ձայան:
Վարկածներից մեկի համաձայն՝ ներկը կարող էին թափել բնապահպան ակտիվիստները։ Պարբերականը նշում է, որ տեղի գոնդոլերները հայտնել են մի խումբ նորվեգացիների մասին, որոնք ներկով բրիկետներ են ցրել երկու նավակների կողից:
Լրագրողները նաև ենթադրում են, որ ակցիան կարող է ինչ-որ նկարչի ցուցադրական ելույթ լինել։ Կանաչ ջրի նմուշներ են վերցրել հրշեջ ծառայության և շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալության աշխատակիցները: