Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար:
Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը:
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը Սարդարապատի հերոսամարտում մեր հաղթանակի անմիջական արդյունքն էր և ավելի քան 500 տարվա դադարից հետո հայկական պետականության վերածննդի հռչակագիրը:
Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից մեր ժողովուրդը, մեր պետական այրերը կարողացան գտնել համախմբման ու զորեղ հակառակորդներին դիմագրավելու ներուժը:
Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և կորուստների դառնությունը, և հաղթանակների բերկրանքը:
Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը:
Այսօր՝ 2023 թվականի մայիսի 28-ին, երբ Առաջին հանրապետությունը վաղուց արդեն պատմություն է, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը մեր ներկան, լավ առիթ է մեր պատմությունը, անկախ պետականության անցած ուղին վերարժևորելու և գնահատելու համար: Ընդհանրապես, թե Առաջին հանրապետության, թե Խորհրդային Հայաստանի վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականներ, սակայն իրականությունն այն է, որ մեր անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է:
Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հաջողություններ, ուժ, կորով ու ամրություն մեր պետականությանը»: