Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դառնա կուզիկ, թուրքական օրակարգ սպասարկող. Շարմազանով (Տեսանյութ)
Աշխարհաքաղաքական խաղացողների, թուրք-ադրբեջանական տանդեմի, Փաշինյանի և իր խմբակի նպատակն է մեզ զրկել մեր գենետիկ կոդից, համոզել, որ 30 տարվա պայքարը զուր էր. պատահական ուղերձներ չէին օրակարգ բերում՝ «պայքար հանուն ոչնչի», «զոհեր հանուն ոչնչի», «ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարելու»․․․ Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը լինի ոչ թե դերակատար, թելադրող, այլ՝ կուզիկ, թուրքական օրակարգ սպասարկող,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Չգիտեմ՝ հանրության քանի տոկոսն է գիտակցում, որ բոլոր գծերը հատվել են։ Եթե այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, Ալիևի մոտ ճանաչում է Արցախը Ադրբեջան, ուրեմն ոչ միայն ընդդիմությունն է պարտվել, այլ նաև հայ ժողովուրդը»,- ընդգծել է նա։
Շարմազանովի խոսքով՝ ՔՊ-ի ջանքերը՝ համոզել հանրությանը, թե ամեն ինչ վերջացած է, ճիշտը հանձնվելն է, հաջողությամբ չեն պսակվելու։
«Մենք պետք է միասնաբար ծրագիր մշակենք, իմաստ չունի փողոց դուրս գալ՝ դուրս գալու համար։ Տարերային շարժումը մեկ-երկու օրից մարելու է։ Մենք մեր գործողություններով պետք է ապացուցենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը Արցախից չեն հրաժարվել և որ Փաշինյանն ու իր խմբակը լեգիտիմ չեն, չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահն ընդգծել է նաև՝ Փաշինյանի ռեյտինգն իջել, հասել է պատմական մինիմումի, բայց աղետը քաոսով չպետք է փոխարինել. կապիտուլյանտների այլընտրանքը պետք է լինի ազգային-պետական մտածողությամբ իշխանությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։