Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Newspress․am-ը այսօր տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են Ծիծեռնակաբերդի տարածքում այրում և վերացնում Հայոց ցեղասպանության մասին փաստեր, լուսանկարներ, լուսանկարների պատճեններ ու այլ փաստաթղթեր։
Հարցին՝ ում հրահանգով է իրականացվում այդ զազրելի արարքը, փաստաթղթերն այրողները պատասխանել են՝ տնօրինության։
Ավելի ուշ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է տեղի ունեցածի շուրջ կարճ պարզաբանում հրապարակել, որում նշված է․
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:
Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»։