Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն անկախության օրը՝ մայիսի 26-ի շքերթի ժամանակ խախտել է արարողակարգը՝ ողջունելով առաջինը վարչապետին, ապա նախագահին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չի կարելի, որ մայիսի 26-ին պաշտպանության նախարարը ողջունի նախ վարչապետին, ապա նախագահին, գերագույն հրամանատարին։ Դա անթույլատրելի է ցանկացած երկրում, դա ամեն տեղ զարմանք է առաջացնում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ վրացական սփյուռքի օրվան նվիրված միջոցառմանը ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ արարողակարգը կարևոր է և պաշտպանում է պետությունը ներքին հակասություններից։ Նախագահը տեղեկացրել է նաև, որ արդեն երեք տարի է՝ փորձում է ստեղծել միասնական արարողակարգային գերատեսչություն՝ նախարարությունների ու պետական մյուս կառույցների համակարգման համար։