Հանդուրժվող «չհանդուրժողների» նարատիվները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քպական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները չափից շատ են սիրում հատկապես մի քանի կրկնվող բառեր ու արտահայտություններ գործածել: Ինչպես իրենց առաջնորդ Փաշինյանն՝ իր, ասենք, «միանշանակ, աներկբա»-ներով: Ամենից տարածվածներից մեկը, որ օրերս ԱԺ դահլիճում քպականները նորից անխնա գործածեցին, «չենք հանդուրժելու...»-ն է: Կարևոր չէ, թե ինչ չեն հանդուրժելու, որովհետև իրենց որ լսես, ոչ մի բան, որ իրենց նեղ քաղաքական ու անձնական շահերից չի բխում, «չեն հանդուրժելու»:
Այս տոնայնությամբ ու նման ֆրազ կրկնելով՝ արտահայտվում են ներկայացուցիչները մի խմբի, որը զրոյացրել է հայության զոհողությունների ու ջանքերի գնով վերջին 30 տարվա բացարձակապես բոլոր ձեքբերումները: Մի խումբ, որը Արցախը ուղղակիորեն ուզում է հանձնել ադրբեջանական թուրքին: Մի խումբ, որը թափով փորձում է կոտրել Հայաստանի Հանրապետության ողնաշարը: Մի խումբ, որը հազարավոր զոհերի պատճառ դարձավ: Դե, իսկ ինչո՞ւ այդպես չխոսեն: Եթե այսքանից հետո իրենց հանդուրժում են, ապա իրենք ինչո՞ւ չպիտի ելնեն ու ասեն՝ «չենք հանդուրժելու...»:
Էլի շատ բան չեն հանդուրժելու: Օրինակ՝ չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայ առաքելական եկեղեցին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում հայ ազգի հերոսներին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայոց պատմությունը: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Արարատը: Առհասարակ, չեն հանդուրժում ու շարունակելու են չհանդուրժել ամեն ազգայինն ու հայկականը: Մյուս տարածված քպական ֆրազը նարատիվների թեման է: Մնում-մնում են ու մեկ էլ՝ «ԱԱԾ-ն պիտի ուսումնասիրի, թե ինչ կենտրոնից են ուղղորդվում ընդդիմության նարատիվները...»:
Լո՞ւրջ: Եվ ովքե՞ր են «նարատիվից» խոսում: Թուրքերի ու ադրբեջանցիների՝ երկար տարիների նարատիվներն ու իղձերը այսօր տարածող ու իրականություն դարձնողնե՞րը, Արցախը ադրբեջանական հայտարարողնե՞րը... Չէ, սա իսկապես շատ նման է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելաոճին: Չնայած, միշտ էլ այդպես է եղել ՔՊ-ի ու իր ղեկավարի դեպքում: Հա, ի դեպ, ԱԱԾ ասացիք, մենք էլ հիշեցինք. ԱԱԾ-ն էն սատանային գտա՞վ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: