Կայսանովն այցելել է Սաակաշվիլիին
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին:
Ըստ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման՝ խոսել են Ուկրաինայի և Վրաստանի հեռանկարների մասին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Ես (Կասյանովին-խմբ.) շնորհակալություն հայտնեցի երկու երկրների համար կատարած աշխատանքի համար»,- գրել է երրորդ նախագահը:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին բուժման կուրս է անցնում «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկ մասնագետները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետներ, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ կյանքը փրկելու համար։
Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի նկատմամբ ևս երեք գործ է հարուցված:
Ձերբակալության հենց առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։