«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. տեղեկություն մասնակիցների համար
Մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:
Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Նրանց մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 07:45-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից կմեկնի Շողակաթ՝ առանց կանգառի:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին: Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 12:00-ին՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ: Արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:
Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:
Հիշեցնենք՝ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: