Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ բացել է ինքնաթիռի դուռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։
Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ:
Օդանավը կատարում էր ներքին չվերթ Ջեջուդո կղզուց Դեգու քաղաք։ Ինքնաթիռի դուռը հանկարծակի բացվել է վայրէջքից ոչ շատ առաջ՝ 250 մ բարձրության վրա: Ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց դռնով։ Օդանավում գտնվող 194 մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն 12 ուղևորների մոտ խուճապ և շնչառական խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց:
Yonhap-ը նշում է, որ երբ կասկածյալը փորձել է քաշել ելքի դռան լծակը, ինքնաթիռի ուղեկցորդները չեն կարողացել նրան կանգնեցնել, քանի որ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի:
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալման պահին հարբած չի եղել, սակայն հրաժարվել է հայտնել իր գործողությունների պատճառը:
Ըստ ականատեսների՝ դուռը բացելուց հետո տղամարդը փորձել է դուրս ցատկել, սակայն ուղեկցորդները սկսել են բացականչել, և կասկածյալի մոտ նստած ուղևորները պահել են նրան:
Yonhap-ը հավելում է, որ ինքնաթիռում եղել են 48 աշակերտներ, որոնք մեկնում էին Դեգուից ոչ հեռու գտնվող Ուլսան քաղաք՝ մասնակցելու սպորտային մրցումների: