Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է՝ FDA-ի հետ սերտ համագործակցությամբ, և ներկայացնում է կարևոր առաջին քայլը, որը մի օր թույլ կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց», - գրել է ընկերությունը:
We are excited to share that we have received the FDA’s approval to launch our first-in-human clinical study!
— Neuralink (@neuralink) May 25, 2023
This is the result of incredible work by the Neuralink team in close collaboration with the FDA and represents an important first step that will one day allow our…
Neuralink-ը հավելել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում:
Ընկերությունը նման թույլտվության համար դիմում էր ներկայացրել անցյալ տարվա սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապված փորձարկումների ժամանակ կենդանիների իրավունքների խախտման հետ: Իսկ այս տարվա մարտին Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրա չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգության հետ կապված մտավախություններ կային: