Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:
«Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես տեսնում ենք, դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը», - ասել է Միլլերը:
Պետքարտուղարության խոսնակը դարձյալ վստահություն է հայտնել, որ կողմերի միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի:
«Ինչպես նշել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք աշխատեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», - նշել է դիվանագետը:
Մեթյու Միլլերը հավելել է, որ առայժմ տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է նոր հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետերը։