Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է «Խայբար» նոր բալիստիկ հրթիռը` 2 հազար կմ հեռահարությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, արձակումը տեղի է ունեցել Խորամշահր քաղաքի ազատագրման օրվա 41-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Քաղաքը գրավել էին 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի ընթացքում:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ հրթիռը վերջինն է «Խորամշահր» բալիստիկ հրթիռների շարքում և ունակ է կրելու մինչև 1,5 տոննա կշռող մարտագլխիկ։
Ըստ IRNA-ի՝ «Խորամշահր-4» կամ «Խայբար» հրթիռն ունի ռազմավարական և մարտավարական առանձնահատկություններ:
Նշվում է, որ հրթիռի ուղղորդման համակարգն անջատվում է մթնոլորտ մտնելիս, որի շնորհիվ այն անխոցելի է դառնում ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար: Հրթիռի արագությունը մթնոլորտի սահմաններից դուրս հասել է 16 մախի (մոտ 19 600 կմ/ժ), իսկ մթնոլորտում՝ 8 մախի (մոտ 9 800 կմ/ժ):