Վրաստանում ժողովրդավարությունն աննախադեպ հետընթաց ապրում․ Freedom House
Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի: Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։
Ի դեպ, անցյալ տարի ինչպես տեղական, այնպես էլ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները պարբերաբար ահազանգել են Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վատթարացման մասին։ 2022 թվականին լրատվամիջոցների իրավիճակի վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիայի ձերբակալությունը։
Ուշագրավ է նաև այն, որ վրացական ժողովրդավարությունը վերջին տասը տարում երբեք այսքան ցածր միավոր (7 միավորից՝ 3,04) չի ունեցել Freedom House-ի վարկանիշային սանդղակում։
Բացի ԶԼՄ-ների ազատությունից, Վրաստանի համար մարտահրավեր է համարվել նաև ակտիվիստների խոսքի ազատության ապահովումը և դատական համակարգի անկախությունը։ Վերջին տարիներին Վրաստանը մշտապես դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում։
Վրաստանից բացի, ժողովրդավարության որակի անկումը շարունակվում է Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Սլովակիայում։ Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի ժողովրդավարության ամենաարագ ու բազմակողմանի վատթարացումն արձանագրվել է Հունգարիայում և Ռուսաստանում: