Բելգորոդի մարզում անցակետի մոտ պայթյուն է որոտացել
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքի անցակետի մոտ պայթյուն է տեղի ունեցել, երբ այնտեղ աշխատում էին լրագրողները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ինչպես միջադեպի վայրից հաղորդել է «РИА Новости»-ի թղթակիցը, չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով մոտավորապես 15:20-ին մի քանի լրատվամիջոցների նկարահանող խմբերը եկել են՝ նկարահանելու իրավիճակը «Գրայվորոն» անցակետի մոտ հրետակոծությունից հետո։ Լրագրողները դուրս են եկել մեքենաներից ու սկսել նկարահանել գնդակոծությունից վնասված շենքերը։ Սակայն մի քանի րոպե անց նրանք լսել են բացականչություններ և պայթյունի ձայն։ Լրագրողները նստել են մեքենաներն ու հեռացել: Նրանց շարքում տուժածներ չկան։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի 22-ին ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել էր Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք, որից հետո տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր մտցվել։ Երեքշաբթի օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական ազգայնական կազմավորումները ջախջախվել են, սպանվել է ավելի քան 70 ահաբեկիչ։
Ուկրաինական լրատվամիջոցներն էլ նշում են, որ մայիսի 22-ին Բելգորոդի շրջանում գործողություններ են իրականացրել «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի և «Ռուսական կամավորական կորպուս» խմբավորման անդամները, որոնք դեմ են հանդես գալիս ՌԴ գործող վարչակազմին: