Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոլերայից մահացածների թիվը հասել է 17-ի
Պրետորիայի Համմանսկրաալ հյուսիսային արվարձանում խոլերայից մահացածների թիվը վերջին օրերին հասել է 17-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Գաուտենգի նահանգի առողջապահության վարչությունը։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 15 մահացածների մասին։
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ավելի քան 40 մարդ է հոսպիտալացվել խոլերայի ախտանիշներով։ Համմանսկրաալում սահմանվել է ծորակի ջրի օգտագործման արգելք. ջուրը տեղ է հասցվում ցիստեռններով։ Ձեռնարկվում են սանիտարական հսկողության այլ միջոցառումներ։ Ընդհանուր առմամբ, Գաուտենգի նահանգում, որտեղ գտնվում են Պրետորիա և Յոհանեսբուրգ մեգապոլիսները, հայտնաբերվել է 100 մարդ` խոլերայի կասկածանքով։
Խոլերայի ներկայիս բռնկումն Աֆրիկայի հարավում սկսվել է 2022 թվականի գարնանը: Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Մալավիի հարավում։ Ընթացիկ տարում հիվանդացության օջախներ են գրանցվել Աֆրիկայի հարավի ութ երկրներում։ Ամենաշատ հիվանդները գտնվում են Մալավիում (58 հազար) և Մոզամբիկում (26 հազար): Խոլերայի բռնկում է գրանցվել նաև Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում։ ՀԱՀ-ը և Զիմբաբվեն ընդհանուր ցամաքային սահման ունեն։
Խոլերան սուր վարակ է, որը հարուցում է Vibrio cholerae միկրոօրգանիզմը: Հիվանդությունն ուղեկցվում է առատ փորլուծությամբ, որը դառնում է ջրազրկման և անոթային անբավարարության պատճառ։ Վարակումը սովորաբար տեղի է ունենում աղտոտված ջրի կամ ծովամթերքի միջոցով: Խոլերայի բռնկումներ պարբերաբար տեղի են ունենում Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ինչն առաջին հերթին պայմանավորված է բնակչության զգալի մասի համար պատշաճ մշակված խմելու ջրի մշտական հասանելիության բացակայությամբ: