Ճապոնիան չի պլանավորում անդամակցել ՆԱՏՕ-ին. Կիսիդա
Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում առայժմ ընդունված չէ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ պատասխանելով պատգամավորների հարցերին խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում։
«Ճապոնիան պլաններ չունի միանալու ՆԱՏՕ-ին ո՛չ որպես մշտական, ո՛չ որպես ասոցացված անդամ»,- ասել է նա։
Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, բայց «մինչև այժմ ոչ մի որոշում չի ընդունվել»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և նրանց դաշնակիցների հետ՝ նկատի առնելով այն բարդ փորձությունները, որոնք այժմ ծառացած են միջազգային կարգի հանդեպ։
Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ դաշինքը մտադիր է հաջորդ տարի իր ներկայացուցչությունը բացել Տոկիոյում։ Ըստ հաղորդագրությունների՝ այն ծառայելու է որպես կապի գրասենյակ, որի միջոցով ՆԱՏՕ-ի երկրներն ու Ճապոնիան կկարողանան խորհրդակցություններ անցկացնել տարբեր հարցերի շուրջ։ Ակնկալվում է, որ այդ քննարկումներին կկարողանան մասնակցել նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, մասնավորապես՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան։ Այդ որոշումը կարող է հաստատվել մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հունիսի 11-12-ը Լիտվայում: