Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ իր գործունեության ընթացքում իր նկատմամբ երբևէ ճնշում չի եղել
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը, ով նաև գործող դատավոր է, վստահեցնում է, որ իր գործունեության ընթացքում երբևէ ճնշումների չի ենթարկվել:
Դանիելյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե Դանիելյանը՝ որպես Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի դատավորի թեկնածու, կոռուպցիա ասվածի տակ հասկանում է միայն նյութակա՞ն շահագրգռվածությունները, թե՞ նաև հրահանգավորումները կամ այս կամ այն քաղաքական դաշտից եղող ճնշումները:
«Արդյոք սրա վերաբերյալ ունե՞ք համակարգային լուծման առաջարկ, որ անկախ նրանից՝ անձը իշխանություն է, թե ընդդիմություն, ճնշման չենթարկվի դատավորը: Եվ արդյոք Ձեր պրակտիկայում եղե՞լ են նման ճնշումներ՝ կլինի ներկա, թե նախկին իշխանությունների ժամանակ»,-հարցրեց պատգամավորը:
«Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա միանշանակ ասեմ, որ այդպիսի ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել: Համենայնդեպս, նման բան ես չեմ արձանագրել»,-պատասխանեց Դանիելյանը: