Գերմանիան հերքել է խոսքի ազատության դեմ ոտնձգության վերաբերյալ Թուրքիայի մեղադրանքները
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ հրավիրել է Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենին և զրույցի ընթացքում վճռականորեն հերքել է խոսքի ազատության դեմ ոտնձգության վերաբերյալ Անկարայի մեղադրանքները՝ կապված թուրք լրագրողների մոտ վերջերս կատարված խուզարկությունների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-ը:
«Այսօր հրավիրվել է Թուրքիայի դեսպանը, նրան տեղեկացվել է, որ դաշնային կառավարությունը վճռականորեն մերժում է այն մեղադրանքները, որոնք թուրքական կառավարությունը ներկայացրել է խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև Գերմանիայում արդարադատության համակարգի վերաբերյալ»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-ի էջում:
Անցյալ շաբաթ Անկարայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ կապված թուրքական Sabah պարբերականի ներկայացուցիչների ձերբակալության և նրանց բնակության վայրերում խուզարկությունների հետ: Լրագրողները մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում, որից հետո ազատ են արձակվել: