Դանիան դարձել Է ԵՄ պաշտպանական համագործակցության ծրագրի մասնակից
Դանիան միացել է Անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ մշտական կառուցվածքային համագործակցության ծրագրին (PESCO), ինչպես նաև մեկնարկել է ծրագրի նախագծերի հերթական՝ 5-րդ ալիքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«PESCO-ն մեր պաշտպանական համագործակցության հիմքում է: Դանիային PESCO ընտանիքին միացնելով և այսօր ընդունված 11 նոր նախագծերով մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը: Այն թույլ է տալիս անդամ պետություններին համատեղ ներդրումներ կատարել, զարգացնել անհրաժեշտ (պաշտպանական) հնարավորությունները»,-հայտարարել է Բորելը:
2022 թվականի հունիսի 1-ին կայացած հանրաքվեով դանիացի ընտրողներն աջակցեցին Դանիայի անդամակցությանը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը: Այսպիսով, ԵՄ բոլոր երկրները, բացի Մալթայից, մտնում են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության միութենական կառույցների մեջ: