Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ երկիր այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի
Մոլդովայի իրավապահները, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման համաձայն, կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա այցելի հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Euronews Romania-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Պուտինը կձերբակալվի Մոլդովա ժամանելու դեպքում։
«Այո՛, Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի մասին, և Մոլդովան կհարգի դատարանի որոշումը», - պատասխանել է Սանդուն։
Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ վերջին անգամ Պուտինը նախագահի պաշտոնում Մոլդովայում եղել է 2002 թվականի հոկտեմբերին կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ 2008 թվականի նոյեմբերին նա վարչապետի պաշտոնում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Քիշնևում։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ Մարտի 20-ին ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազի և դատավորների դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ ՌԴ նախագահին և երեխաների օմբուդսմենին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան։