Լեգենդար լեռնագնաց Կամի Ռիտան իր 28-րդ վերելքն է կատարել դեպի Էվերեստի գագաթ՝ մեկ շաբաթում երկրորդ անգամ
Նեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր 28-րդ անգամ բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր բարձրության վրա), և դարձյալ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Himalayan Times թերթին:
53-ամյա լեռնագնացը լեռնագագաթին է հասել տեղի ժամանակով առավոտյան 9:23-ին: Նախորդ անգամ նա լեռնագագաթ էր բարձրացել մայիսի 17-ին՝ 27-րդ անգամ:
Այս անգամ նվաճելով Էվերեստի բարձունքը՝ Կամի Ռիտան գերազանցել է Պասանգ Դավային, որը մայիսի 22-ին 27-րդ անգամ բարձրացել էր Էվերեստը՝ «հավասարեցնելով հաշիվը»:
Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 27 անգամ բարձրացել է Էվերեստը։ Նա նաև ռեկորդակիր է 8 000 մետրից ավելի բարձրությամբ լեռնագագաթներ բարձրանալու քանակով: Ըստ պարբերականի տվյալների՝ 1994-2023 թվականներին լեռնագնացն ութ անգամ բարձրացել է Չո Օյու լեռը (8 201 մ), երեք անգամ՝ Մանասլու (8 163 մ), մեկական անգամ՝ Չոգորի (K2, 8 614 մ) և Լհոցզե (8 516 մ) լեռները: