Facebook-ին տուգանել են 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համար
Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունը տուգանվել է 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համար, երբ այդ տվյալները փոխանցվել են Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովի կողմից սահմանված այս տուգանքն ամենամեծ տուգանքն է, որ սահմանվել է ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի գաղտնիության մասին օրենքով:
Meta-ն հայտարարել է, որ կբողոքարկի այս «չհիմնավորված և ոչ անհրաժեշտ» որոշումը:
Այս որոշման առանցքում ընկած են ստանդարտ պայմանագրային դրույթները, որոնք օգտագործվում են Եվրամիության տվյալները ԱՄՆ փոխանցելու համար: Այս իրավական պայմանագրերը, որոնք պատրաստվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից, պարունակում են երաշխիքներ՝ ապահովելու, որ անձնական տվյալները շարունակեն պաշտպանվել Եվրոպայից դուրս փոխանցվելիս: Սակայն կան մտավախություններ, որ տվյալների այս հոսքերն, այնուամենայնիվ, եվրոպացիներին չեն պաշտպանում, քանի որ ԱՄՆ-ում գաղտնիության մասին օրենքներն ավելի թույլ են, և այդ տվյալները կարող են հասանելի դառնալ ԱՄՆ-ի հետախուզության համար:
Facebook-ի տնօրեն Նիք Քլեգն այս տուգանքն անվանել է անարդար՝ հայտարարելով, որ նույն իրավական մեխանիզմներն օգտագործում են հազարավոր այլ ընկերություններ, սակայն դրանց միջից առանձնացվել է հենց Facebook-ը: