Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Մարտիրոսյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» հայտարարությունների մասին։
Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, որ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել․
«Այս պահին մենք ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերն այս գործի հետ կապված, կմարեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։