Հնդկաստանը Քաշմիրում հյուրընկալել է G20-ի գագաթնաժողովը՝ խիստ անվտանգության և որոշ երկրների կողմից քննադատության պայմաններում
Հնդկաստանը Քաշմիրի Սրինագար քաղաքում մայիսի 22-24-ն անցկացնում է «Մեծ քսանյակի» երկրների՝ զբոսաշրջության թեմայով հանդիպում: Չինաստանը և Պակիստանը դեմ են արտահայտվել գագաթնաժողովի անցկացմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն G20-ի անդամ երկրների ավելի քան 60 պատվիրակներ:
Չինաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ վճռականորեն դեմ է «վիճելի տարածքում G20-ի ցանկացած հանդիպում անցկացնելուն»: Հանդիպումը Քաշմիրում անցկացնելուն ավելի վաղ դեմ է արտահայտվել նաև Պակիստանը՝ դա անվանելով «անպատասխանատու» քայլ:
Սա տարածաշրջանում կազմակերպված ամենամեծ միջազգային միջոցառումն է այն բանից ի վեր, ինչ Հնդկաստանը 2019 թ.-ին չեղյալ հայտարարեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը: Ե՛վ Հնդկաստանը, և՛ Պակիստանը հավակնում են Քաշմիրին, սակայն վերահսկում են տարածաշրջանի միայն մի մասը: Վիճելի շրջանի որոշ հատվածներ էլ գտնվում են Չինաստանի վերահսկողության տակ:
G20-ի պատվիրակների հանդիպման անվտանգությունն ապահովելու համար Քաշմիրում են տեղակայվել անվտանգության էլիտար ուժեր, այդ թվում՝ Հնդկաստանի նավատորմի հատուկ ուժերը, Ազգային անվտանգության գվարդիան, սահմանային անվտանգության ուժերը և ոստիկանական ուժեր: Ըստ BBC-ի հրապարակման՝ Սրինագարում փակվել են որոշ դպրոցներ, մի քանիսը՝ նույնիսկ ինը օրով:
G20-ի մեջ են մտնում աշխարհի 19 ամենահարուստ երկրները և Եվրոպական Միությունը: G20-ին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսական արտադրանքի 85 %-ը և բնակչության երկու երրորդը: Այս տարի «Մեծ քսանյակում» նախագահում է Հնդկաստանը, որը G20-ի գագաթնաժողովը կանցկացնի սեպտեմբերին, Դելիում: