Բորելը հույս է հայտնել, որ ԵՄ-ն շուտով կկարողանա F-16-եր մատակարարել Ուկրաինային
Եվրամիությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» որոշումն Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելու նախապատրաստման մասին և հույս ունի, որ շուտով կկարողանա դրանք մատակարարել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իտալական Nova գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Դա շատ լավ գաղափար է, որ G7-ը, վերջապես, որոշել է հող նախապատրաստել Ուկրաինային այդքան անհրաժեշտ կործանիչների մատակարարումների համար: Կարծում եմ՝ նախ պետք է շարունակել օդաչուների պատրաստման գործընթացը՝ այն հույսով, որ մենք շուտով կկարողանանք այդ տեսակի զենք մատակարարել Ուկրաինային», - ասել է նա:
Ավելի վաղ, ըստ CNN-ի հրապարակման, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր աջակցությունն էր հայտնել այն բանին, որ ուկրաինացի օդաչուները վերապատրաստվեն F-16-երի վրա թռչելու համար: Բայդենի այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոն: Նա հայտարարել էր, որ Ուկրաինային F-16-երի մատակարարումը «հսկայական ռիսկեր» է պարունակում արևմտյան երկրների համար:
Իր հերթին Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ ղեկավարն Ուկրաինայի նախագահից ստացել է հավաստիացումներ, որ արևմտյան երկրների կողմից մատակարարված F-16-երը մուտք չեն գործի Ռուսաստանի տարածք: