Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության առնչությամբ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ:
«Այս առավոտյան Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը հակամարտության ընթացքում յոթերորդ անգամ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից և ստիպված է եղել անցնել վթարային դիզելային գեներատորների։ Ատոմակայանում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը չափազանց փխրուն է: Մենք պետք է հենց հիմա համաձայնության գանք կայանը պաշտպանելու հարցում: Այս իրավիճակը չի կարող շարունակվել», - գրել է գործակալության ղեկավարը Twitter-ում:
#Ukraine’s #ZNPP this morning lost all external electricity for 7th time during conflict, forcing it to rely on emergency diesel generators for power; nuclear safety situation at the plant extremely vulnerable. We must agree to protect plant now; this situation cannot continue.
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) May 22, 2023
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից, որն ապահովվում էր Ուկրաինայի տարածքում գտնվող գծից: Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիան ապահովվում է դիզելային գեներատորներից: Զապորոժիեի ԱԷԿ-ից նշել են, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։ Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, այն ունի վեց ՋՋԷՌ-1000 էներգաբլոկ։
Ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ:
2022 թվականի սեպտեմբերի 11-ից կայանը էլեկտրաէներգիա չի արտադրել։ ԱԷԿ-ը կառավարվում է «Ռոստատոմ»-ի կողմից: 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԷԿ-ում ռոտացիոն հիմունքներով հերթապահում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մի քանի մասնագետներ: