Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից, որն ապահովվում էր Ուկրաինայի տարածքում գտնվող գծից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱԷԿ-ի Telegram ալիքը։
«750 կՎ բարձրավոլտ Դնեպրովսկայա գծի անջատման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը: Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիան ապահովվում է դիզելային գեներատորներից», - ասվում է հաղորդագրությունում։
Գծի անջատման պատճառները հետաքննվում են։
Զապորոժիեի ԱԷԿ-ից հավելել են, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։
Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, այն ունի վեց ՋՋԷՌ-1000 էներգաբլոկ։ Ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ: 2022 թվականի սեպտեմբերի 11-ից կայանը էլեկտրաէներգիա չի արտադրել։ ԱԷԿ-ը կառավարվում է «Ռոստատոմ»-ի կողմից:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԷԿ-ում ռոտացիոն հիմունքներով հերթապահում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մի քանի մասնագետներ: