Հունաստանի վարչապետ Միցոտակիսի կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Հունաստանի գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթել է համազգային ընտրություններում՝ հավաքելով ձայների 41 %-ը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Հաղորդվում է, որ Կիրիակոս Միցոտակիսի կուսակցությանն ընդամենը 5 մանդատ է պակասում խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարանում կունենա 146 աթոռ, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար հարկավոր է 151 աթոռ:
Ընտրություններում նրա հակառակորդ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը հավաքել է ձայների 20 %-ը:
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն վարչապետ Միցոտակիսին հնարավորություն կտա կոալիցիա կազմելու: Ըստ BBC-ի, սակայն, Միցոտակիսն արդեն հայտարարել է, որ հրաժարվելու է կոալիցիա կազմելուց:
Իր հերթին Associated Press-ը հաղորդում է, որ Միցոտակիսը երեք օր կունենա կոալիցիա կազմելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլը: